«Գյnւմրիում ընդnւնված է, որ աղջկան փnքր ժամանակվանից ձեռքիդ տակ վերցնեu». «X-Factor 4»–ի hաղթnղ Էդգար Ղանդիլյանը նշանվել է

«X-Factor 4»–ի հաղթող Էդգար Ղանդիլյանը հունվարի 6–ին նշանվել է։ Էդգարի ընտրյալը 18 ամյա Դիանա Խաչատրյանն է։ Երիտասարդ երգիչն իր կյանքի կարևոր իրադարձության լուսաբանումը վստահել է Tert.am Life–ին ու տրամադրել օրվա լուսանկարները։

Զույգը նշանվել է Էդգարի 22–ամյակի օրը։  Արարողությանը մասնակցել են միայն ամենահարազատ մարդիկ։

Էդգարն ու Դիանան ընկերություն են անում արդեն 4 տարի։ Զույգի սիրավեպը վաղ տարիքից է սկսվել, երբ Էդգարը դեռ 18 տարեկան էր, Դիանան` 14։

«Մեզ մոտ` Գյումրիում ընդունված է, որ աղջկան պետք է փոքր  ժամանակվանից ձեռքիդ տակ վերցնես, այսպես ասած, դաստիարակես, քո ուզած աղջիկը սարքես։) Ինձ մոտ ստացվեց։ Ես հասա իմ նպատակին ու հունվարի 6–ին` ծննդյանս օրը կայացավ մեր նշանադրությունը»,– ժպիտով ասաց Էդգարը։

Հարսանիք կանե՞ն, թե կմեկնեն ամուսնական ճամփորդության, զույգը դեռ չի որոշել, միայն հստակ է, որ ամուսնությունը կկայանա մոտ 2 տարուց, քանի որ Դիանան դեռ ուսանող է։ Նա սովորում է Գյումրու ակադեմիայում, պարարվեստի բաժնում։

Էդգարը դեմ չէ, որ սիրելին զարգացնի իր կարիերան։ Ավելին, կարևորում է, որ Դիանան իրեն գտնի մասնագիտական գործունեության մեջ. «Ես սովետմիության դասին չեմ պատկանում և կարծում եմ` ճիշտ է, որ  նա աշխատի և չդառնա տնային տնտեսուհի»,– նկատեց նա։

Դիանան իր հերթին սատարում է սիրելիին, որպեսզի նա երգչի կարիերա սկսի։ Ժամանակին հենց նա է ստիպել Էդգարին մասնակցել «X-Factor»–ին` նրա փոխարեն ուղարկելով մասնակցության հայտը։

«Դիանան ժամանակին իմ փոխարեն հայտ էր ներկայացրել, որպեսզի մասնակցեմ մրցույթին։ Ասաց` կամ կմասնակցես, կամ այլ լուծում կտանք հարցին։ Այդպես էլ չիմացա` այլ լուծումը որն էր, բայց որոշեցի չմերժել իր խնդրանքը։ Ես մտադրված չէի գնացել, որ պետք է հաղթեմ նախագիծը, բայց նաև հաղթեցի»,– հիշեց Էդգարը։

Երիտասարդ երգիչը նկատեց, որ այն ժամանակվանից ի վեր իրենց հարաբերություններում շատ բան չի փոխվել։ Հայտնիության շրջանն էլ որևէ կերպ չի անդրադարձել իրենց կյանքի վրա։ «Կան մարդիկ, որոնք որոշակի ճանաչում ձեռք բերելուց հետո դեսուդեն են ընկնում։ Մեր դեպքում այդպես չեղավ, որովհետև ես դեռ այն ժամանակվանից հստակ որոշում ունեի, որ նա պետք է լինի կյանքիս կեսը, ես միայն իր հետ ինձ կպատկերացնեմ։ Ի վերջո, իրականացրինք մեր նպատակը»,– նկատեց Էդգարը։

Երիտասարդ երգիչը մտադիր է ակտիվացնել երգչի գործունեությունը։ Հետագայում սիրելիի հետ Երևան կտեղափոխվե՞ն, թե՞ ոչ, կախված է իր գործունեությունից։ «Եթե հաջողեմ, իմանամ, որ այդտեղ հեռանկարներն ավելի շատ են, բնականաբար, կտեղափոխվենք։ Սակայն երբեք չեմ մոռանա իմ հարազատ Գյումրին»,– ասաց նա։

«X-Factor 4»–ից հետո Էդգարը մի քանի  երգ է հանձնել լսարանի դատին։ Շուտով պատրաստվում է տեսահոլովակով ներկայանալ, որը կնկարահանի հեղինակային երգի հիման վրա։ «Երգը սիրո մասին է։ Մեղեդային ստեղծագործություն է, որի վերնագիրը դեռ չեմ ընտրել։ Ձայնագրման աշխատանքները, գրեթե, ավարտել ենք։ Վերջնական տարբերակը լսելուց հետո կընտրեմ անվանումը»,– ասաց նա ու հավելեց, որ տեսահոլովակը մտադիր է նկարահանել Թբիլիսիում կամ Բաթումում։

Էդգարը չի ընտրել ռեժիսորի, որը կնկարահանի տեսահոլովակը։ Երիտասարդ երգիչն այս հարցին իր մոտեցումն ունի. «Ես ոչ ոքի չեմ վստահում։ Ռեժիսորը կամ ես պետք է լինեմ, կամ ամենամոտ ընկերս։ Ես սովորել եմ Գյումրու Ակադեմիական վարժարանի Թատերական բաժնում։ Ե՛վ դերասանի վարպետություն եմ անցել, և՛ ռեժիսուրա։ Որոշ չափով խելքս հասնում է դրանից»։ Սյուժեի գաղափար, սակայն, Էդգարը դեռ չունի։ Դրա մասին կմտածի, երբ երգը վերջնականապես պատրաստ լինի։

«X-Factor»–ին մասնակցության փուլում Էդգարի հանդեպ շատ մեծ էր լսարանի հետաքրքրությունը։ Խոստովանում է, հիմա զգալի քչացել է հետաքրքրությունը. «Երկար ժամանակ  ոչինչ չէի անում, որովհետև հիասթափվել էի` տեսնելով, թե մյուսներն ինչպես են առաջ գնում, ես էլ թիկունք չունեի, չէի կարողանում դա անել։ Հիասթափվեցի և չկարողացա պահպանել այն, ինչ ունեի։ Հիմա որոշել եմ կոնկրետ զբաղվել երաժշտական գործունեությամբ ու մտնել շոու բիզնես»։

Նախագծի հաղթողին խոստացել էին երգ ու տեսահոլովակ։ Էդգարը նշեց, որ իր համար երգ գրվեց, ձայնագրվեց, տեսահոլովակ չնկարահանվեց։ «Ես շատ շնորհակալ եմ նաև երգի համար, որովհետև դա ինձ համար մեծ կարևորություն ուներ։ Տեսահոլովակի համար չեմ էլ փորձել հետաքրքրվել, թե ինչու չեղավ»,– ասաց նա ու նշեց, որ իր տեսահոլովակի պատրաստ լինելուց հետո կդիմի «Շանթ»–ին, որպեսզի այն պտտեն։

Երգչից հետաքրքրվեցինք` հիմա ի՞նչ հարաբերություններ ունի նախագծում իր պրոդյուսերի` Անդրեի հետ։ Պարզվում է` «X-Factor 4»–ի ավարտից հետո ամեն բան այնքան էլ հարթ չի ընթացել։ «Անդրեի հետ թեթև տարաձայնություն եղավ, որի պատճառով որոշ ժամանակ չշփվեցինք։ Հետո ես իրեն գրեցի ու շփումը վերականգնվեց։ Հիմա ամեն ինչ լավ է»,– ասաց Էդգարը` չցանկանալով բացահայտել, թե որն էր խնդրի պատճառը։

Հեղինակ Ամալյա Հովհաննիսյան

Աղբյուր https://life.tert.am/am/news/2019/01/11/edgar/55062

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*